50-ամյա Փարվիզը դեռևս ապրում է հոր հետ, և երկու տղամարդիկ այնքան էլ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ: Փարվիզն ուրիշ ելք չունի, քան իր տեղը զիջել խորթ մորը և հեռանալ տնից: Իսկ նրա համար դժվար է ապրել նոր՝ միայնակ կյանքով, հարևաններից և իր ճանաչած մարդկանցից հեռու: Ուստի նա գտնում է իր հանդեպ գործված անարդարության դեմ պայքարելու յուրօրինակ ուղի:
Մաջիդ Բարզեգարի (Համադան, Իրան) «Փարվիզ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում:
Ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Ոսկե ծիրանը» ժամանակին հրավիրել է իրանական կինոյի մեծերին, և ինքը հպարտ է, որ երևանյան փառատոնում ցուցադրվել է նաև իր ֆիլմը:
«Աշխատել ենք, որ մեր կինոն ունենա իրանական ձայն, բայց առնչվի համամարդկային խնդիրներին»,- ասաց նա, նշելով, որ «Փարվիզն» այն մարդկանց մասին է, ովքեր անտեսվում են, չեն նկատվում հասարակության կողմից, իսկ նման մարդիկ աշխարհում շատ են: Ռեժիսորը համոզված է, որ կայուն կյանքով ապրող ցանկացած մարդ, եթե անտեսվի սիրված մարդկանց կողմից, կունենա նույն ռեակցիան, ինչ Փարվիզը: Նրա խոսքով` յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, կարող է իր մեջ Փարվիզ ունենալ:
Մաջիդ Բարզեգարը տեղեկացրեց նաև, որ Իրանում ամեն տարի արտադրվում է մոտ 70 ֆիլմ, և դրանցից 10-ը, այսպես ասած` տարբերվող, նոր ֆիլմեր են:
Հավելենք, որ «Փարվիզի» գլխավոր դերակատարը հայկական ծագում ունեցող Լևոն Հաֆթվանն է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ